Երեւանում կարճատեւ այցով գտնվում է ՄԱԿ-ի համալսարանի եւ Մաաստրիխտ համալսարանի համատեղ ծրագրի գիտահետազոտական ինովացիաների ոլորտի հետազոտող Տաթեւիկ Պողոսյանը։ Նա մտադիր է ուսումնասիրել Հայաստանի ինովացիոն դաշտը եւ զեկույց պատրաստել այդ մասին։ Օգտվելով առիթից՝ NEWS.am-Ինովացիայի թղթակիցը մի քանի հարց ուղղեց Տ. Պողոսյանին։

Հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա` Տ. Պողոսյանն ասաց, որ Հայաստանում ինովացիաները սկսել են կատարվել կրթության ոլորտում, հիմնարար գիտության մեջ, բարեփոխումներ  են արվել գիտական մակարդակում։ Սակայն ինովացիայի փորձագետի կարծիքով՝ ընկերությունների մակարդակով ոչ մի քաղաքականություն, կոնկրետ որեւէ բան դեռ չի մշակվել։ «Զարգացած երկրներում այս հարցը ինչ-որ կերպ լուծված է, կրթական համակարգը արդեն իսկ որոշակիորեն հարմարեցված է, եւ բարեփոխումների կարիք չունեն, իսկ նմանատիպ խնդիրներ գրեթե չկան»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով` որպեսզի որեւէ երկիր ինովացիաների ներդրման առումով առաջատար դառնա, պետք է նախ նորարարությունները շուտ ընդօրինակելու ունակություն ունենա։ Հաճախ զարգացող երկրները ետ են մնում զարգացած երկրներից հենց այդ՝ ընդօրինակելու ունակության բացակայության պատճառով:

«Յուրաքանչյուր պետություն պետք է կանխատեսի եւ զգա, թե ուր է գնում զարգացումը, եւ դեպի ուր են շարժվում զարգացած երկրները, եւ ըստ դրա որոշակի քայլեր ձեռնարկի»,-ասաց ինովացիաների ոլորտի հետազոտողը` նշելով, սակայն, որ Հայաստանում նկատելի է որոշակի մեկուսացում, եւ շատ հաճախ մենք ուղղակի տեղյակ չենք լինում, թե ինչ է կատավում աշխարհում:

«Այժմ հայաստանյան որոշ լաբորատորիաներ համագործակցում են որոշ արտասահմանյան լաբորատորիաների հետ եւ բավականին առաջադեմ են, սակայն այդ ամենը համակարգված չէ, իսկ փոքրիկ լաբորատորիաների միջոցով կայուն զարգացում հնարավոր չէ ապահովել։ Անհրաժեշտ են համակարգված եւ հետեւողական արձագանքներ, մասնակցություն տարբեր միջազգային համաժողովների՝ առկա անջրպետը չեզոքացնելու եւ մրցունակ դառնալու համար»,-ասաց Պողոսյանը` ավելացնելով, որ հակառակ պարագայում այդ անջրպետը ավելի կմեծանա:

Հետազոտողը նշեց, որ պետությունը պետք է համակարգի ինովացիոն ոլորտի բոլոր օղակները, հակառակ պարագայում՝ կարճատեւ դրամաշնորհների միջոցով հնարավոր է միայն գոյատեւման քաղաքականություն վարել, ոչ թե զարգացման:

«Անհրաժեշտ է հետեւել զարգացած երկրների օրինակին եւ մի ոլորտի հաշվին ֆինանսավորել մեկ այլ ոլորտ, որը եկամուտներ կարող է բերել ավելի երկարաժամկետ կտրվածքով, օրինակ` հիմնարար գիտությունը, նանոտեխնոլոգիաները եւ այլն»,-ասաց Պողոսյանը` նշելով, սակայն, որ տվյալ պարագայում դա կարող է գրավիչ չլինել քաղաքական գործիչների համար, որոնք ընտրվում են որոշակի կարճ ժամանակահատվածում։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք գուցե առաջին տասնամյակում արդունավետ չեն, բայց հետագայում կարող են բերել էական օգուտներ: