Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի թանգարանի հնագույն խճանկարների ռեստավրացիայի ժամանակ դրանց լուրջ վնաս են հասցրել։
Ավելի վաղ Hurriyet թերթը հայտնում էր, որ Անթաքիա քաղաքի խճանկարների խոշորագույն թանգարանի թուրք ռեստավրատորները լրջորեն վնասել են ավելի քան 10 հին հռոմեական խճանկար։ Ինչպես երեւում էր հրապարակած լուսանկարներից, խճանկարները ռեստավրացնելիս օգտագործել էին անհամապատասխան գույներ, որի հետեւանքով խճանկարները կորցրել էին իրենց նախնական տեսքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























