«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը», չի մտափոխվել եւ պատրաստվում է ինքնառաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:
Հարցին, թե նեղացած չեք ՀՀԿ-ից, որ Ձեզ թողած՝ Վահագն Գեւորգյանին է սատարում, Արթուր Հարությունյանը ասաց հետեւյալը. «Որեւէ նեղացվածություն չկա, ես հպարտ եմ, որ այդ կուսակցության անդամն եմ»: Նա չգիտի, թե ինչու ՀՀԿ-ն իրեն չի սատարում, «իրենց հարցրեք»: «Ես չեմ սպասել որեւէ ուժի, որ ինձ սատարի, արել եմ իմ քայլը, ես ինքնառաջադրվելու եմ»: Կկարողանա հաղթել ընտրություններում «Քինգ դելյուքսի» սեփականատերը, թե ոչ, նա նշեց, որ «օրը կգա, կտեսնեք», ապա հավելեց, որ եթե վստահ չլիներ իր հաղթանակի մեջ, չէր առաջադրվի: Ինչ վերաբերում է իր հիմնական մրցակցին՝ Վահագն Գեւորգյանին, Արթուր Հարությունյանն ասաց հետեւյալը. «Վահագը իմ համար մրցակից չէ, նորմալ երիտասարդ է, նորմալ անձնավորություն, քաղաքապետ ընտրվելուց հետո շատ հնարավոր է իրեն առաջարկեմ միասին աշխատենք: Իմ մրցակիցը նրա հովանավոր Գագիկ Ծառուկյանն է, ուրախ եմ, որ ունեմ լուրջ մրցակից՝ ի դեմս Ծառուկյանի անձնակազմի եւ ՀՀԿ տարածքային կառույցի»,-ասաց Արթուր Հարությունյանը:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ: Հունիսի 7-ին, կկայանան ընտրություններ Աբովյան քաղաքում: Առաջադրումները սկսվելու են մայիսի 13-17, իսկ թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 17-19-ը: Հանրապետականը որոշել է ընտրություններին սատարել Վահագն Գեւորգյանին, ով, ի դեպ, հայտնի է որեպս Ծառուկյանի օգնական եւ նրա թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը համարվում է ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:





























