ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գործնական բացատրություն է տվել ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը։

«Հայկական կոնյակը իրականում չի վաճառվում Փարիզում, սակայն այն վաճառվում է Ռուսաստանում»,- հայտարարել է նախագահը The Washington Post-ի լրագրող Ֆրեդ Հայաթին տված հարցազրույցի ժամանակ։

Այլ կերպ ասած՝ նախագահը նշել, որ ինքը «գործնական որոշում է կայացրել»։

Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում Եվրամիության հետ, սակայն Եվրոպայի հետ ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը շատ բան չէր տա, հատկապես, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է մնում։ Հայաստանի տնտեսությունը պիտի 10-15 տարի զարգանար մինչեւ կկարողանար օգտվել Եվրոպայի հետ ազատ առեւտրի առավելություններից։ «Սակայն միեւնույն ժամանակ կա գոյության պայքար, եւ մարդիկ պատրաստ չեն այդքան երկար համբերել»,- հավելեց նա։

Սարգսյանի խոսքով՝ հայերը Ռուսաստանի եւ Արեւմուտքի գժտությունից տուժում են 3 ուղղություններով. Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանելու առումով, Հայաստանում կատարվող ներդրումների առումով եւ Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազելու առումով։ Սակայն, նախագահի խոսքով, «եթե մենք չմիանայինք ԵՏՄ-ին, կբախվեինք առավել ցավոտ խնդիրների հետ»։