ՀՀ ԱԳՆ-ն պետական գերատեսչություններից առաջինն էր, որը պաշտոնական էջեր բացեց Facebook-ում եւ «Twitter-ում, ինչը ԱԳՆ գործունեությունը առավել հրապարակային է դարձնում։ Այս մասին մայիսի 11-ին կայացած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նշենք, որ կոնֆերանսը իր 5-ամյակի կապակցությամբ կազմակերպել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը։

«Արտակարգ գործընթացներում արագ արձագանքն ու քաղաքացիների հարցերի անհապաղ պատասխանները մեր օրերում դիվանագիտական ծառայության առաջնային պարտականություններից է դարձել։ Լայնորեն օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների տրամադրած հնարավորություններից՝ մենք միաժամանակ պետք է հաշվի առնենք մեզ հասանելի տեղեկության զգայունությունը եւ միջազգային  հարաբերությունների ու մարդկային ճակատագրերի վրա մեր արած հայտարարությունների հնարավոր ազդեցությունը»,- նշել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ էլեկտրոնային դիվանագիտությունը հարթակ է ստեղծում իերնց նպատակների արդյունավետ իրականացման համար, ինչպես նաեւ գերատեսչությանն առավել հաշվետու է դարձնում հանրությանը»,- ասել է Նալբանդյանը։

Նախարարի կարծիքով՝ որքան նոր ժամանակները նոր հնարավորություններ են տալիս, այնքան էլ առաջ են քաշում նախկինում անհայտ մարտահրավերներ։

 «ՀՀ ԱԳՆ-ն ակտիվորեն օգտվում է էլեկտրոնային դիվանագիտության հնարավորություններից, եւ  այդ առումով մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել. Բացի ԱԳՆ պաշտոնական կայքից, որը գործում է 4 լեզուներով, ԱԳՆ-ն ակտիվ է նաեւ սոցցանցերում։ Դեռեւս 2008թ. ՀՀ ԱԳՆ-ն առաջինն էր պետական գերատեսչություններից, որ YouTube-ում պաշտոնական ալիք բացեց՝ իր գործունեության մասին տեսանյութեր տեղադրելով»,- նշեց Նալբանդյանը՝ հավելելով, որ ողջունում է 25 երկրների մասնագետներին Հայաստան հրավիրելու Դիվանագիտական դպրոցի ջանքերը։

«Այս կոնֆերանսը վկայում է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը եւ նրա գործընկերները ընտրել են այն թեման, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների ոլորտում ներգրավված շատ մարդկանց համար»,- եզրափակեց Նալբանդյանը։