Հայաստանում արտագաղթն ահավոր չափերի է հասել և դա է պատճառը, որ Երևանում բնակարանների գնորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Այս մասին այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա կարծիքով` ժամանակն է, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի քաղաքականություն վարեն, որ փոքր արտադրամասեր ստեղծվեն, ժողովուրդը աշխատատեղեր ունենա և չարտագաղթի Հայաստանից. «Մենք հրաշալի բնություն ու հայրենիք ունենք, իշխանությունների անտարբեր վերաբերմունքից է ժողովուրդը կարոտը սրտում արտագաղթում»:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահի կարծիքով` նորակառույցների տերերն ի սկզբանե ճիշտ բիզնեսով չեն զբաղվել, հակառակ դեպքում այդ մակերեսները բնակեցված կլինեին. «Եթե մարդիկ կառուցել են այդ շենքերը և իրենց վեջը չէ, որ մարդ չի ապրում այդտեղ, ուրեմն իրենք բացարձակապես ուրիշ խնդիրներով են զբաղված»,-ասաց նա:
Մկրտիչ Մինասյանի խոսքով` նորակառույց բազմաբնակարան շենքերում բնակարան գնողների մեծ մասը սփյուռքահայերն են, որոնք դրանք գնել են տարվա մեջ միայն երկու ամիս ապրելու համար. «Հայաստանի բնակչության մեծ մասն այդ հսկայական գումարներով չի կարողանում գնել նման բնակարաններ: Ցավոք, մեր երկրում երկու հարթություն կա` մեկը սովորական մարդկանց համար է, մյուսը՝ ընտրյալների»,-ասաց Մինասյանը:





























