Միջազգային պատվիրակություններից ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներին փոխարինելու հարցը դեռ խմբակցությունում չենք քննարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Մարտուն Գրիգորյանի Գյուղատնտեսության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից փոխարինելու հարցը ընդհանրապես չի քննարկվել, որովհետեւ կարծում են, որ նա պրոֆեսիոնալ եւ ակտիվ  ղեկավարում է գյուղատնտեսության մշտական հանձնաժողովը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ զրույց եղել է Տիգրան Ուրիխանյանի հետ, ով հրաժարվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից, նրան փոխարինել է Վահան Բաբայանը: «Մենք ինքներս ենք հարմար գտել, որ Տիգրան Ուրիխանյանը մնա եւ ԲՀԿ-ն ներկայացնի ռուսական մի քանի պատվիրակություններում՝ հաշվի առնելով նրա փորձառությունը: Տիգրանը շատ ակտիվ աշխատում է հայ-ռուսական պատվիրակություների ֆորմատում, չեմ կարծում, որ այդ դաշտում նրա եւ ԲՀԿ-ի մոտեցումների միջեւ կարող են հակասութուններ լինել, ուստի նպատակահարմար գտանք, նա շարունակի ներկայացնել ԲՀԿ խմբակցությունը Հայաստան-Ռուսաստան ֆորմատի պատվիրակություններում:

Ինչ վերաբերում է Արագած Ախոյանին, չեմ թաքցնում որ խմբակցությունում կար մոտեցում նրա մասով, որ իր տեղը պետք է զիջի ԲՀԿ-ական պատգամավորի: Գալուստ Սահակյանը հարցը ինձ հետ  քննարկել է, որոշեցինք, որ այս պահին ուղղափառներում փոփոխություն չանենք՝ հաշվի առնելով, որ Արագած Ախոյանը այնտեղ փոխնախագահի պաշտոն է զբաղեցնում: Իսկ եթե մեր այն գործընկերը, որը չի գնահատում իմ՝ որպես խմբակցության ղեկավարի բարի կամքը եւ լրատվամիջոցներին ապատեղեկատվություն է տրամադրում, չեմ կարծում, որ եթե խմբակցությունը որոշի իրեն փոխարինել, ապա որեւէ մեկը կարող է իրեն օգնել»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը: