Այսօր՝ մայիսի 12-ին` ժամը 12.00-ին, Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան «Սեւանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Սեւանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսություն ստեղծելու հիմնական նպատակներն են` նմանատիպ տնտեսությունների կողմից Սեւանա լճի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ էկոլոգիական ռիսկերի, ձկնաբանական, արտադրական եւ տնտեսագիտական ցուցանիշների` ձկների քաշաճի, կերակրման նորմաների, անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների եւ ընթացիկ ծախսերի, ձկան ինքնարժեքի, տնտեսության շահութաբերության գնահատումը:
Նախատեսվում է Կարճաղբյուր համայնքի հարեւանությամբ 2015-2016թթ. տեղադրել մինչեւ 12 ցանցավանդակ, որտեղ ձկան արտադրողականությունը յուրաքանչյուր ցանցավանդակում հասցվելու է շուրջ 685 տոննայի:
Սեւանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության հիմնումը իրականանալու է «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Համալիր ծրագրով նախատեսվում է ոչ միայն ցանցավանդակային տնտեսությունների հիմնում, այլեւ մանրաձկան արտադրություն, ձկնամթերքի վերամշակում եւ իրացում: Համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը Սեւանա լճում տեղադրել 74 ցանացավանդակ` աճեցնելով Սեւանա լճում մինեւ 50 000 տոննա ձուկ, որոնք կերակրվելու են 50 000 տոննա արհեստական կերով:
Եթե «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրում» նշվում էր, որ ձկան կերը պարունակելու է ֆոսֆոր եւ ազոտ (նյութեր, որոնք նպաստում են լճի ճահճացմանը), ապա «Սեւանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» հայտում ձկան կերի մեջ ֆոսֆորի ու ազոտի մասին խոսք չկա:
«Ծրագրի բնապահպանական ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար կօգտագործվի աշխարի լավագույն արտադրողների կողմից առաջարկվող էկոլոգիապես կայուն կեր, որի բաղադրությունը կազմում են բացառապես բնական գյուղատնտեսական մշակաբույսերը, ձկան ալյուրը եւ ձկան յուղը: Բացի այդ, նախատեսվում է մոդելային տնտեսությունում փորձարկել բնական կերով (գամարուսներ) կերակրման հնարավորությունները եւ արդյունավետությունը», -մասնավորապես նշված է հայտում:
Նշենք, որՀՀ կառավարությունը սույն թվականի ապրիլի 16-ին երեք տարի ժամկետով հետաձգեց համալիր ծրագրի շրջանակներում մանրաձկան արտադրությամբ, ձկնամթերքի վերմշակման եւ իրացման հարցերով զբաղվող «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի
կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Առաջիկա 3 տարիների ընթացքում «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն ներկրելու է 2,667,790,000 դրամ արժողությամբ 118 անուն ապրանք: Ուշագրավ է, որ ապրանքների ցուցակը գլխավորող ձկան կերի համար նշված չէ արտահանման երկրի անունը: Միայն նշված է, որ ներմուծվելու է 180,000,000 դրամ արժողությամբ 160,000 կգ ձկան կեր:
Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումներից ելնելով` հայտում նախատեսվում է մանրաձկան գործարանի կողմից լիճ բաց թողնել մանրաձկան նվազագույնը 25%-ը: Իրենց հերթին մասնավոր ցանցավանդակային տնտեսություններն տարեկան հասույթի 1,5%-ի չափով գնելու են շուրջ 200 000 մանրաձուկ եւ բաց են թողնելու Սեւանա լիճ: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամ է ուղղվելու Սեւանա լճի ավազանի խնդիրների լուծմանը: Այդ միջոցները գոյանալու են մանրաձկան արտադրության, ձկան վերամշակման եւ իրացման ոլորտներում ձեւավորված շահութներից, ինչպես նաեւ ցանցավանդակային տնտեսությունների մասհանումներից՝ 200 դրամ մեկ կգ ձկան իրացումից եւ հասույթի 1.5 %-ը:
2014թ-ին Սեւանա լճի ջրի որակը բարենպաստ չի եղել ձկների համար: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2014թ-ի տարեկան տեղեկանքի համաձայն` Սեւանա լճից վերցված փորձանմուշներում, ըստ ձկնատնտեսական նորմերով գնահատման, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ-ի, վանադիումի, քրոմի եւ սելենի կոնցենտրացիաները: Մյուս կողմից Սեւանի ձկնապաշարների վրա մեծ ազդեցություն է թողնում ձկների բնադրավայրերի ոչնչացում, գերորսը, փոքր ՀԷԿ-երը: Միայն այս խնդիրների լուծման արդյունքում է հնարավոր Սեւանում ձկնապաշարների վերականգնում: Այս խնդիրների լուծման առնչությամբ «Սեւանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում կոնկրետ առաջարկներ չկան:





























