Ազգային ժողովի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ «ԲՀԿ-ից միայն անունն է մնացել» հայտարարության վերաբերյալ ԲՀԿ-ն ակնկալում է ՀԱԿ պատասխանատուների արձագանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն երբեւէ անհարգալից ձեւակերպում թույլ չի տվել իր գործընկերների մասին, հետեւաբար՝ թույլ չեն տա նաեւ որեւէ մեկին անհարգալից խոսել ԲՀԿ-ի մասին:
Վահան Բաբայանի կարծիքով՝ Գագիկ Ջհանգիրյանի ձեւակերպումը բացարձակ ոչ կոռեկտ է, Սահմանադրական փոփոխությունների մասով ԲՀԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ, դրա մասին քանիցս հայտարարել են: «Եթե իրեն պրոֆեսիոնալ համարող Ջհանգիրյանը մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է տեսել, այդ հարցում իրեն օգնել չենք կարող: Հանրությունը հրաշալի գիտի, տեսնում է, թե որ քաղաքական ուժից ինչ է մնացել, որ քաղաքական ուժն իրենից ինչ է ներկայացրել եւ եթե ներկայացրել է, ապա ինչի կամ ում հաշվին է ներկայացրել»,-ասաց մամուլի խոսնակը:





























