Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայկական առեւտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաեւ՝ Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների եւ գործարարների միությունների համագործակցությամբ կայացավ ՀԱՑ-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստի եւ 2-րդ գործարար ֆորումի պաշտոնական բացման արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես ասաց. «Խորհրդանշական է, որ համաժողովը իրականացվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, քանի որ ցեղասպանության արդյունքում մեզ ո´չ միայն սպանեցին, ջարդեցին, այլ նաեւ արմատախիլ արեցին: Աշխարհասփյուռ եղած մեր հայրենակիցները, սակայն, կարողացան տարբեր երկրներում արմատներ գցել, դառնալ իրավաբան, բժիշկ, ինժեներ, բայց շատերը դարձան գործարարներ: Չկա մի երկիր, որտեղ հայ գործարարի չհանդիպես: Ուրախալի է, որ անցնող 4-5 տարիների ընթացքում մեր հայ գործարարները փորձեցին համախմբվել եւ ստեղծել ՀԱՑ-ը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Հայկական առեւտրային ցանցը մի նոր հարթակ է տնտեսական ոլորտում: Գյուղատնտեսությունը մեր երկրի գերակա ոլորտներից է. շատ լավ նախադրյալներ կան, որ այն դառնա արդյունաբերական:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ներդրումներ անել հայրենիքում: Մեծ ներուժ կա մեր երկրում, տարեցտարի դյուրացվում են բիզնես պայմանները: Վերջին տարիների ընթացքում ներդրումները խթանելու համար մեծ բարեփոխումներ են իրականացվել»,-հավելեց Գյուղատնտեսության նախարարը:
Հայկական առեւտրային ցանցի (ՀԱՑ) նախագահ Վահրամ Փիրջանյանը, (Կանադա) ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ այսօր շարունակում են այն, ինչը 2011 թվականի ապրիլին սկսել էին Երեւանում:
«Ճանապարհը երկար էր, մարտահրավերները՝ բարդ ու դժվարին, բայց կարողացանք հաջողել: Կարեւորում եմ հայ գործարարների ներդրումները մանր եւ միջին բիզնեսի ոլորտում: Վերջին շրջանում նկատելի են բազմաթիվ բարեփոխումներ: Ակնկալում ենք, որ դրանք շարունակական լինեն:
Հավելենք, որ ֆորումը կընթանա 3 լիագումար նիստերով: Մասնակցելու են արտասահմանում գործող հայկական առեւտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, նաեւ՝ անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից եւ աշխարհի տարբեր երկրներից: Քննարկվելու են Հայաստանում եւ Արցախում բիզնես ներդրումներին, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր:
Պատկերաշարով կներկայացվի «ՀԱՑ-ի առաքելությունը եւ գործունեությունը, «Նոր դարաշրջան» գլոբալ գործարար ցանցի ստեղծում» շնորհանդեսը:




























