Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Լիբիայի իշխանություններին վերջինիս տարածքային ջրերում թուրքական բեռնատար նավի վրա արձակած կրակահերթի պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։
Թուրքական ընկերությանը պատկանող, Կուկի կղզիների դրոշի ներքո նավարկող «Թունա 1» բեռնատար նավը կրակահերթի տակ էր հայտնվել մայիսի 10-ին լիբիական Թոբրուք նավահանգստի տարածքում։ Տախտակամածի վրա եղել է 15 մարդ, որոնցից 8 թուրք, 6 Վրաստանի քաղաքացի եւ մեկ Ադրբեջանի քաղաքացի։ Կրակահերթից զոհվել է կապիտանի 3-րդ օգնականը, անձնակազմի մի քանի անդամ վիրավորվել է։ Ավելի վաղ Լիբիայի ԶՈւ-ն հայտարարել էր, որ Լիբիայի զինծառայողները կրակ են արձակել թուրքական բեռնատար նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նախազգուշացրել են չմոտենալ Դերնա արեւելյան նավահանգստին, որը գտնվում է իսլամիստ գրոհայինների հսկողության տակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս միջադեպը Լիբիայում տիրող իրավիճակի վառ ապացույցն է։ Մենք մեր պատասխանն ենք տվել Անկարայում Լիբիայի դեսպանատանը, ինչպես նաեւ Ստամբուլում Լիբիայի հյուպատոսությանը՝ նրանց բողոքի նոտա հղելով։ Մենք նաեւ ցուցումներ ենք տվել ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցչին»,- հայտարարել է Չավուշօղլուն TRT-ի եթերում։





























