Հայաստանի պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրում զինծառայողների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Այս մասին մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մամուլի ասուլիսը կայացել է Ադրբեջանի հետ սահմանի հյուսիսարեւելյան ուղղության առաջնագծում։
Նրա խոսքով՝ ծառայողների կենցաղային պայմանները բարելավվում են, հաշմանդամների, սպաների, պրապորշչիկների եւ պայմանագրայինների թոշակները բարձրացել են։ 74 զինծառայող մեկ տարվա ընթացքում ապահովվել է բնակարաններով, եւ այդ գործընթացը կշարունակվի մինչեւ տարվա վերջ։ 60 ընտանիքների պետական օգնություն է ցուցաբերվել։ Եվս այդքան ընտանիք օգնություն կստանա մինչեւ տարվա վերջ։
Նախարարը ընդգծել է, որ ռազմական կրթության ոլորտում նույնպես կան հաջողություններ։ «Ըստ էության՝ մենք արդեն ունենք մեր սեփական ակադեմիան։ Այն իր մակարդակով չի զիջում արտասահմանյան ակադեմիաներին»,- նշեց նախարարը։





























