Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդներն առաջիկայում ծրագրում են այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այս մասին NEWS.am-ի Վաշինգտոնի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Մեկնաբանելով անցյալ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը՝ Ուորլիքը նշեց, որ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները:
«Մենք միշտ օգտագործում ենք ե՛ւ նախագահ Սարգսյանի, ե՛ւ նախագահ Ալիեւի, ինչպես նաեւ, տարածաշրջան այցի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ բանակցելու ցանկացած հնարավորություն»,- նշեց միջնորդը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունների ակտիվացում են ցանկանում:
«Նախագահների հանդիպման ժամկետը դեռեւս հստակեցված չէ, սակայն երկու նախագահներն էլ երկխոսությունն ակտիվացնելու ցանկություն են հայտնել, եւ քանի որ միջնորդների դերը նորմալ բանակցային գործընթաց ապահովելն է, մենք առաջիկայում կայցելենք տարածաշրջան՝ նախագահների հանդիպում նախապատրաստելու համար»,- նշեց դեսպանը:
Նրա կարծիքով, հակամարտության բոլոր կողմերը ներկայում ցանկանում են հասնել հակամարտության խաղաղ կարգավորման:
«Այս հակամարտությունն արդեն շատ երկար է ձգվում եւ բազմաթիվ կյանքեր է խլել: Ուզում ենք, որ վերջ դրվի դրան»,- ամփոփեց ամերիկացի դիվանագետը:





























