Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի 11 սան օրերս հոսպիտալացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երեխաների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մնում է 2 հոգի, որոնք առաջիկայում դուրս կգրվեն: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ մանկապարտեզի գործունեությունը դադարեցված է, մինչեւ բոլոր երեխաները լավանան եւ վարակի աղբյուրը հայտնաբերվի: Երեխաների մոտ ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա, բոլորի մոտ նույն ախտանշաններն են՝ լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն: Նրա կարծիքով՝ վարակի պատճառը ոչ սնունդն է եղել, ոչ էլ մանկապարտեզի աղտոտվածությունը, ինֆեկցիան տարածվում է շփման միջոցով: «Երեւի իրենց տանը թունավոր վարունգ, ցոգոլ են կերել, վարակվել»,-ասաց գյուղապետը:

Իսկ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելել է Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։ Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։  Այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։