Երեւանի գազալցակայաններից մեկում երեկ՝ մայիսի 12-ին, արձանագրված պայթյունի հետեւանքով կա տուժող: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ մայիսի 12-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Բաբաջանյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.55-ին, լիցքավորման ժամանակ պայթել է 1991 թ. ծնված Գեւորգ Գ.-ին պատկանող «Մերսեդես Բենց Ե124» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետեւանքով ավտոմեքենան ամբողջությամբ վնասվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայթյունի հետեւանքով քթի եւ ականջի շրջանում վնասվածքներ է ստացել գազալցակայանի լիցքավորող, 49-ամյա Վարդան Պ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:





























