Հայաստանում տարատեսակ փառատոնների անցկացումը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին լրագրողներին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Օրնակ տոլմայի փառատոն անցկացնելու, կամ ձկան տոն, կամ խորովածի փառատոն անցկացնելու ժամանակ  ի հայտ են գալիս նաեւ նոր լուծումներ ուտեստի մասով, նոր բաղադրատոմսեր, բացի դրանից նաեւ զարկ է տրվում տեղերում որոշակի տնտեսական  շարժի։ Բացի այդ տվյալ հուշարձանը կամ քաղաքը, որտեղ անցկացվում է  փառատոնը հանրահայտ է դառնում, մարդիկ իմանում են դրա մասին»,-ասաց նա։

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հերթական փառատոնը, որը տոլմայի փառատոնն է տեղի կունենա  մայիսի 16-ին Մուսա Լեռ հուշահամալիրում։

«Լինելու է տոլմայի մրցույթ՝ լավագույն համ, լավագույն մտահաղացում եւ լավագույն ձեւավորում անվանակարգերում, նաեւ լինելու է գլխավոր մրցանակ։ Լինելու է նաեւ ամենաերկար տոլմայի մրցույթ եւ ամենաարագ տոլմա ուտողի մրցույթ։ Մրցույթը սկսվելու է 13։00-ին, եւ 15։00-ից բաց է լինելու այցելուների համար»,-ասաց Մամուլյանը։

Սարդարապատի «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» տնօրենի տեղակալ Սվետլանա Պողոսյանն էլ նշեց, որ այս փառատոնը եւս մեկ հրաշալի հնարավորություն է այցելուների համար ծանոթանալու մեր հուշահամալիրներին եւ ավանդական կերակրատեսակներին։

««Արենի» փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան ասաց, որ փառատոնների անցկացմամբ զարգանում է փառատոնային տուրիզմը։

«Այցելում են ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ տարբեր երկրներից։ Օրինակ գինու փառատոնին տարբեր երկրներից հայտեր ենք ստանում, որ տուրիստները հենց այդ օրը գալու են մասնակցելու փառատոնին»,-ասաց Նունե Մանուկյանը։