ԱԺ ՀԱԿ խմբկացության քարտուղար Արամ Մանուկյանը այլեւս չի մասնակցի իրեն ծեծի ենթարկելու գործով դատական նիստերին։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց Արամ Մանուկյանը՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալի աթոռին նստած է ոչ թե կատարվածի իրական մեղավորը՝ պատվիրատուն, այլ իրականացնողը, որի հետ ինքն անհաշտություն չունի։
«Ամբաստանյալին չեմ դիտարկում որպես դատական կողմ, իմ խնդիրն իրականացնողի հետ չէ, պատվիրողի հետ է: Նրանք վստահ են, որ արդարադատության մարմիներն իրենց չեն պատժի եւ իրենք անհանգստանալու կարիք չունեն: Մեր երկրի պրոբլեմն արդարադատության պակասն է, եւ դա է ծնում հանցագործությունը, դա է այսպես լկտիացնում հանցագործներին: Ես այլեւս չեմ մասնակցելու այս դատական նիստերին, բայց ես կուզեի, որ դուք արդար վճիռ կայացնենք: Մի դեպքում դուք իշխանությունների առաջ եք բաց ճակատ դուրս գալու, մյուս դեպքում՝ ընկերների, միջավայրի ընտանիքի եւ խղճի ազատության դեմ: Ես կողմերի հետ անելիք բացարձակ չունեմ, մեր հարաբերությունները իմ եւ դատարանի միջեւ են: Այս ծանր վիճակից դուրս գալու համար դուք պետք է երկարատեւ լուծում տաք այս խնդրին»,- դատարանին դիմեց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը եւս հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու դատական նիստերին, քանի որ, ըստ նրա՝ դատարանն այլեւս ի զորու չէ ազդելու արդարադատության վրա:
Դատախազը չառարկեց դատական նիստերն առանց տուժող կողմի անցկացնելուն, դատարանը եւս որոշում կայացրեց, նիստերն անցկացնել տուժողի բացակայությամբ:
Արամ Մանուկյանը իր ցուցմունքում պատմեց նախորդ տարի դեկտեմբերի 11-ին, իր վրա կատարված հարձակման մասին՝ նշելով, որ իր նկատմամբ կատարվել է քաղաքական պատվեր:
Ցուցմունքից հետո ամբաստանյալի պաշտպան Լիանա Բալյանը Արամ Մանուկյանին հարց ուղղեց, թե արդյոք նա հրապարակային հայհոյանք է հնչեցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցանկանալով իմանալ դեպքի դրդապատճառները. «Դրդապատճառն եմ ուզում իմանալ, որովհետեւ ոչ ոք անտեղի ոչ մեկին չի հարվածում»:
Արամ Մանուկյանը պատասխանեց, որ չի հայհոյել նախագահին՝ ավելացնելով. «Դուք ոնց որ Սերժ Սարգսյանի պաշտպանն եք, հա՞»,- ասաց նա:
Ցուցմունք տալուց հետո Արամ Մանուկյանը նստեց ոչ թե տուժողի աթոռին, այլ դահլիճում գտնվող ընկերների կողքին՝ կրկնելով, որ նիստերին չի մասնակցելու, իսկ դատավոր Լեւոն Ավետիսյանի այն հորդորին, որ տուժողն անպայման պետք է ներկա լինի նիստերին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Չեմ գալու, չեմ ուզում, այ ախպեր, իբր իմ սթրեսները քիչ էին, մի հատ էլ էս նիստերին գամ»։ Դրանից հետո Արամ Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը:
Ամբաստանյալ Արշակ Սվազյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքները, որոնցում նա լիովին իրեն մեղավոր է ճանաչել եւ խոստովանել է, որ դիտավորյալ է հարվածել Արամ Մանուկյանին, քանի որ վերջինը հրապարակային «քֆուր է տվել» իր գերագույն հրամանատարին:
Հետազոտվեցին նաեւ գործում առկա ապացույցները: Կողմերը ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստին՝ հունիսի 1-ին:
Նշենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ վիրավորել է Սերժ Սարգսյանին։






























