Ես չեմ հերքում եւ չեմ հաստատում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության վաճառքի հեռանկարը: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (այն 100 տոկոսով ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության դուստր ձեռնարկությունն է) իսկապես ֆինանսական դժվարություններ ունի եւ մտածում է բաժնետոմսերի կամ դրանց մի մասի վաճառքի մասին: Բայց ես իրական տեղեկատվություն չունեմ, որ ՀԷՑ-ը 100 տոկոսով վաճառում են: Եթե նման տեղեկատվություն լիներ, ապա առաջիններից մեկը ես կիմանայի: Երբ ես հնարավորություն ունենամ այդ մասին ինչ-որ բան ասել, ես դա կանեմ»,-ասել է նախարարը:

Նշենք, որ մամուլը արդեն երկար ժամանակ է  գրում է, որ «ՀԷՑ»-ը հնարավոր է գնի «Տաշիր Գրուպ» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Վերջինիս ավագ եղբայրը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ հայտարարություն էր տարածել, նշելով, որ «Տաշիր Գրուպը» նման հնարավորություն չի քննարկում: