Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների բողոքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Վճռաբեկ դատարանը կարծում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իրենց որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։





























