Համաշխարհային բանկը «Նաիրիտ» գործարանի կրկնակի գործարկումը անհեռանկարային է համարում։ Այսուհանդերձ գործարանի վերջնական ճակատագիրը կորոշի Հայաստանի կառավարությունը։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը։
ՀԲ մասնագետների խոսքով՝ «Նաիրիտի» վերականգման համար 250-350 մլն դոլար է անհրաժեշտ, իսկ այդ ապրանքը մրցունակ կլինի արդյոք, որ ոք չի երաշխավորում։ Այսուհանդերձ «Նաիրիտի» հարցը փակված չէ, հավելեց Զախարյանը։ «Այդ ձեռնարկությունը միշտ եղել է մեր արդյունաբերության սյուներից մեկը։ Եվ այդ գործարանի հետ կապված ամեն բան ներկայացվում է հանրությանը։ Մենք բոլորի կարծիքը կլսենք, այսինքն՝ փակ քննարկումներ չեն լինելու»։ Նախարարի խոսքով՝ կառավարությունը շարունակում է բանակցությունները ԱՊՀ Միջպետական բանկի հետ գործարանի գույքը գրավի տակից հանելու համար։ «Ամենայն հավանականությամբ գույքը կհանձնվի հենց կառավարությանը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտի» բաժնեմասերի 90 տոկոսը վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90 տոկոս բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը։



























