Հայաստանն ընրեց Եվրասիական տնտեսական միությունը եւ ոչ թե Եվրամիությունը, քանի որ հայկական ընկերությունների 90 տոկոսը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Այս մասին մայիսի 13-ին «Հայաստան. 4 ամիս ԵՏՄ-ում. անկու՞մ, թե կործանման նախաշեմին» հետազոտության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է տնտեսական գիտությունների թեկնածու Համլետ Թադեւոսյանը։

«Ի՞նչ տվեց Հայաստանին ԵՏՄ-ին անդամակցելը։ Դա տվեց այն, որ հիմա գոյություն չունի հստակ մաքսային գին, այսինքն՝ մենք հիմա նման առավելություն ունենք։ Բայց դա չի ազդում Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերի վրա, քանի որ Ռուսաստանում հիմա ծանր իրավիճակ է»,- նշեց Թադեւոսյանը։ Տնտեսական տեսակետից մասնագետը ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի համար ոչ մի խնդիր չի տեսնում, քանի որ ԵՄ-ի հետ GSP+ ռեժիմը չի հանվել։

«Ընդհակառակը, Ռուսաստանի հետ ամենալարված հարաբերությունների մեջ գտնվող ԱՄՆ-ի հետ, Հայաստանը GSP+ նռեժիմի մասին համաձայնագիր ստորագրեց։ Չնայած Եվրոպական եւ ամերիկյան ստանդարտների միջեւ եղած որոշ տարբերություններին՝ այսուհանդերձ այդ համաձայնագրով փոխվում են ԱՄՆ ներկրվող հայկական ապրանքների մաքսային սակագները»,- ընդգծեց տնտեսագետը։ Նա հավելեց, որ մեկ այլ հարց է, որ այդ ռեժիմը գործում է, բայց Հայաստանին ոչ մի արտոնություն չի տալիս։ «Դա արդեն բխում է մեր տնտեսությունից։ Մենք չունենք ոչ մի լուրջ կազմակերպություն, որը կարող էր անմիջական պայմանավորվածություններ ձեռք բերել մեծ սուպերմարկետների հետ։ Կարեւոր է, որ մենք կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, եւ այդ ժամանակ թե ԵՄ-ն, թե ԵՏՄ-ն հետաքրքրված կլինեն մեզանով»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի, օրինակ գյուղատնտեսության ոլորտում։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանն ու ԱՄՆ-ը առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր էին ստորագրել։