ԱԺ ՀԱԿ խմբկացության քարտուղար Արամ Մանուկյանին բռնության ենթարկելու մեջ մեղադրվող, մաքսանենգության համար նախկինում դատապարտված, Թալինի բնակիչ Արշակ Սվազյանը, լիովին ընդունում է իր մեղավորությունը։ Այս մասին ամբաստանյալը գրել է իր նախաքննական ցուցմունքում, որն այսօր՝ մայիսի 13-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կարդաց դատախազ Գագիկ Խաչատրյանը:
Ցուցմունքում ամբաստանյալը խոստովանել է, որ «մուռ» է ունեցել եւ դիտավորյալ է հարձակվել Արամ Մանուկյանի վրա, որը, ըստ նրա, հրապարակային հայհոյանքներ է հնչեցրել իր գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հասցեին, իսկ ինքը, «մանուկ հասակից հայրենասեր լինելով եւ հարգելով ՀՀ բոլոր պետական արժեքները, չի կարողացել դա հանդուրժել»:
«17 տարեկան հասակում ինքնակամ փախել եմ տնից եւ մեր շրջանի ազատամարտիկների հետ մեկնել եմ Արցախ պատերազմին մասնակցելու: Երիտասարդ տարիքից ինձ բախտ է վիճակվել անձամբ ճանաչել եւ շփվել նախագահի՝ իմ հրամանատարի, ներկայիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անձնական համակրանք ունեմ նրա նկատմամբ, նա ինձ համար, կարծես, մեծ եղբայր լինի: Ռուսատանում գտնվելու ժամանակ ինտերնետով տեսա, որ ընդդիմադիր Արամ Մանուկյանը հայհոյանքներ է տալիս իմ հրամանատարին՝ Սերժ Սարգսյանի հասցեին, այդ խոսքերից շատ ազդվեցի, մեջս մուռ պահեցի, որ Արամ Մանուկյանի քֆուրի համար նրա բերանին տամ, որ 2-րդ անգամ քֆուր չտա : Ու դրա համար չեմ ափսոում»,- պատմել է ամբաստանյալը:
Արշակ Սվազյանը նշել է, որ իմացել է Արամ Մանուկյանի բնակության վայրը, դեպքից մի քանի օր առաջ պատահմամբ տեսել է նրան, կռահել է տուն գալու ժամերը, 2014թ. դեկտեմբերի 1է-ին, գնացել, թաքնվել է շքամուտքում, սպասել է Արամ Մանուկյանին եւ իր մտադրությունն իրականցնելուց հետո փախել է Վրաստան, ապա Մոսկվա, որտեղից վերադարձել է Հայաստան, քանի որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ ոստիկանությունը դեռեւս չի պարզել Արամ Մանուկյանի վրա հարձակվողի անձը:
«2014թ դեկտեմբերի 11-ին գնացի նրա շենքի մոտ, սպասեցի մինչեւ տուն գա, քիչ հետո քայլելով մոտեցավ շենքին, արագ մտա շենք, լիֆտի մոտ սպասեցի, մինչեւ գա, մտավ պադյեզդ, լույսի տակ տեսա նրա դեմքը, համոզվեցի, որ նա է, գնացի նրա ուղղությամբ եւ մեկ անգամ ձախ բռունցքով հարվածեցի նրա երեսին եւ փախա, չեմ տեսել՝ ինչ է նրա հետ եղել։ Շորերս փոխեցի, դրանք սպորտային պայուսակի մեջ դրեցի ու պահեցի մոտակա կամուրջի տակ եւ լուսաբացին պատահական տաքսիով գնացի Վրաստան, հետո՝ Մոսկվա, վերադարձել եմ Հայաստան, քանի որ ինտերնետով տեղեկացա, որ ոստիկանությունը դեռեւս չի պարզել կատարողի անձը։ Օդանավակայանից պատահական տաքսիով եկա Իսակով, իջա տաքսուց եւ ոտքով ծխելով գնում էի տուն, երբ փողոցում սեւ գույնի ավտոմեքենա կանգնեց, միջից դուրս եկան գռաժդանսկի հագուստով տղաներ, ինձ բռնեցին եւ բերման ենթարկեցին բաժին, դեպքի հետ կապված հարցեր տվեցին, ես էլ առանց քաշվելու պատմեցի դեպքի մանրամասները»,- պատմել է ամբաստանյալը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին Արշակ Սվազյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ հայհոյանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին:





























