ԱԺ ՀԱԿ խմբկացության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում գործած Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) վարորդն է։ Այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասաց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ դժգոհելով, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննիչների թերի գործողություններից մեկն այն է, որ նրանք չեն պարզել՝ պատվերը կատարողն ում մոտ է աշխատում եւ ինչ կապեր ունի:
«Լրատվամիջոցներում բազմիցս խոսվել է, որ ամբաստանյալը Շմայսի վարորդն է, իսկ քննիչներն այդ մասին նրան հարցադրումներ չեն արել, աչք են փակել դրա վրա: Նախաքննական մարմինները մի շարք բացթողումներ են արել, ինչը ապացուցում է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ ահաբեկչություն, քաղաքական պատվեր է կատարվել, ինչն էլ ցանկացել են կոծկել»,- ասաց Արմեն Խաչատյանը:
Ամբաստանյալի պաշտպան Լիանա Բալյանին զայրացրեց պաշտպանի հայտարարությունը:
«Դուք որեւէ փաստացի ապացույց չունեք, թե իմ պաշտպանյալն ինչով է զբաղվում եւ ում մոտ է աշխատում, իսկ առանց փաստերի խոսելն օրենքի սահմանում չէ»,- ասաց պաշտպանը՝ պահանջելով անհարկի արտահայտություններ չանել իր պաշտպանյալի հասցեին:
Նշենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ վիրավորել է Սերժ Սարգսյանին:





























