Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում այսօր տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Բարձրագույն կրթության դեպարտամենտի ղեկավար Շյուր Բերգենը հանդես է եկել «ԵԲԿՏ-ի հիմնարար արժեքները, ապագայի հարացույց» թեմայով զեկույցով:
Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, այդ թվում` բարձրագույն կրթության հիմնարար արժեքներն արդի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավերների համատեքստում. տնտեսական ճգնաժամ, ռեգիոնալ կոնֆլիկտներ, տեխնոլոգիական առաջընթաց, միգրացիա եւ աշխատաշուկայի փոփոխություններ: Քննարկումը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով համառոտ պատմական ակնարկ է արել Հայաստանի պատմության, կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների, Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցության եւ մի շարք այլ հարցերի մասին:
Ուսանողների եվրոպական միության գործադիր հանձնաժողովի անդամ Կարոլինա Պետկեվիչը հանդես է եկել «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով, 2015թ.-ներկա իրավիճակի գնահատում. 1999 թվականից ի վեր ակնկալիքներին հասնելու ժամանակն է» թեմայով զեկույցով: Վերոնշյալ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԲԿՏ-ի համար այն կարեւորագույն մարտահրավերներին, որոնք անհրաժեշտ է հաղթահարել 2015-2018թթ. ժամանակահատվածում, եւ ինչպե՞ս կարող են երկրները դիմակայել սոցիալական մարտահրավերներին բարձրագույն կրթության միջոցով:
Երրորդ խմբային քննարկման ընթացքում Համաշխարհային բանկի Կրթության հարցերով տնօրեն Կլաուդիա Կոստինը հանդես է եկել «Բարձրագույն կրթության համակարգի մարտահրավերները եւ արձագանքն աշխատաշուկայի մարտահրավերներին» թեմայով զեկույցով: Քննարկվել են ԵԲԿՏ-ի համար այն կարեւորագույն մարտահրավերները, մասնավորապես, ինչպե՞ս կարող է բարձրագույն կրթությունն աջակցել երկրներին՝ հաղթահարելու աշխատաշուկայի ճգնաժամը:
Եվրոպական համալսարանների ասոցիացիայի բարձրագույն կրթության քաղաքականության բաժնի ղեկավար Մայքլ Գեբելը հանդես է եկել «Էլեկտրոնային կրթության հեռանկարները ԵԲԿՏ-ում» թեմայով քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ է եղել, թե ինչպե՞ս կարող է բարձրագույն կրթությունն առավելագույնս օգտվել տեխնոլոգիական առաջընթացի արդյունքներից:





























