Կրթության ոլորտում Բելառուսին հատկապես անհանգստացնում է ֆինանսական հարցը. ուսանողներին արտասահմանում կրթության ուղարկելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ են պետք, իսկ Բոլոնյան գործընթացը դրա հնարավորությունը տալիս է։ Այս մասին մայիսի 14-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում հայտարարեց բելառուսական պատվիրակության ներկայացուցիչ Նատալյա Բարոնովան։
Նրա խոսքով՝ կրթության ժամկետը իհարկե շատ բանի մասին է խոսքում, սակայն կարեւորը բովանդակությունն է։ «Մեր երկրում գործում է 11-ամյա կրթական համակարգ, եւ այս պահին որոշակի փոփոխություններ են կատարվում։ Մասնավորապես ավագ դասարաններում մենք մի շարք առարկաների խորացված ուսուցում ենք կազմակերպում»,- ասել է Բարոնովան։
Անդրադառնալով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին անդամագրվելուն՝ նա նշեց, որ Բելառուսը այդ հարցում այլընտրանք չուներ։ «Եթե աշխարհում միջազգայնացում է ընթանում, այդտեղ ամեն բան փոխկապակցված է, այդ թվում՝ կրթական ոլորտը։ Մենք կկարողանանք արագ եւ նվազագույն սխալներով առաջ շարժվել միայն այն ժամանակ, երբ կտեսնենք մեկս մյուսի փորձը, եւ Բոլոնյան գործընթացը դա հնարավոր է դարձնում»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Նորվեգիայի պատվիրակության առարկություններին, ապա Բարոնովան նշեց, որ Նորվեգիան կարծում է, թե իրենց ուսանողները բավանականաչ ակադեմիական ազատություններ չունեն։ «Դա նրանց դիրքորոշումն է, սակայն այդ հարցը ոչ ոք չի բարձրացրել, երբ մենք նախապես քննարկում էինք Բելառուսի անդամակցությունը Բոլոնյան գործընթացին»,- ասաց Նատալյա Բարոնովան։





























