Մայիսի 14-15-ը Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին հրավերն ընդունելու համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի գործընթացը լրացուցիչ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար ինչպես Եվրոպական կրթական տարածքում ընդգրկված երկրների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձեւաչափով: Նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ բազմակողմ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է: Այս համատեքստում Ա. Աշոտյանն ընդգծել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Մասնավորապես, Երեւանում բացվել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն սկսվել է ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը, որը գործելու է ՀՀ օրենսդրությանը համաձայն: «Շատ կարեւոր է, որ հումանիտար ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նպաստեն երկու պետությունների քաղաքացիների շահերի սպասարկմանը»,- ընդգծել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ Դմիտրի Լիվանովի հետ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ դպրոցներում հայերենի դասավանդման վերաբերյալ:

Իր հերթին ՌԴ նախարարը, շնորհակալություն հայտնելով Ա. Աշոտյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծել է, որ Բոլոնիայի երեւանյան նախարարական գագաթաժողովը կազմակերպված է բարձր մակարդակով: «Հայաստանը եւ Ռուսաստանը պատմականորեն ռազմավարական բարեկամներ են, եւ կարծում եմ` այդպես կլինի նաեւ ապագայում»,- շեշտել է Դ. Լիվանովը: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ՝ Երեւան քաղաքում Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեության պայմանների մասին: Կողմերը հույս են հայտնել, որ նոր համաձայնագիրը կնպաստի Հայ-ռուսական  /Սլավոնական/ համալսարանի գործունեության բերալավմանը եւ խթան կհանդիսանա, որ բուհը գրավիչ դառնա ոչ միայն ՀՀ, այլ նաեւ օտարերկրյա ուսանողների համար:

Ըստ ստորագրված նոր համաձայնագրի՝ Հայ-ռուսական համալսարանը ստանում է գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Մասնավորապես, ամրագրված է, որ համալսարանի հիմնական խնդիրներից է` Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան հաստատած դաշնային պետական կրթական չափորոշիչներին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաստատած պետական կրթական չափորոշիչներին եւ ազգային–տարածաշրջանային բաղադրիչներին համապատասխան հիմնական մասնագիտական կրթական ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի եւ գիտական-նորարարական գործունեության իրականացում: Սովորողների պահանջմունքները բավարարելու նպատակով՝ համալսարանը առանձին հիմնական մասնագիտական կրթական ծրագրերով կարող է իրականացնել ուսուցում օտար լեզուներով` կողմերի օրենսդրություններին համապատասխան: Համալսարանի լիցենզավորումը եւ կրթական գործունեության պետական հավատարմագրումն իրականացվում են երկու պետությունների օրենսդրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում երկու պետությունների աջակցությամբ կատարել տեխնիկական վերազինում՝ ստեղծելով ժամանակի պահաջներին համահունչ լաբորատորիաներ: