Մայիսի 12-ից 14-ը հերթական այցով Երեւանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձեւավորված եւ ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները եւ ենթասպաների դպրոցը:

Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների եւ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաեւ 2015թ. ծրագրերի եւ հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով եւ կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:

Մայիսի 12-ին եւ 13-ին կայացած աշխատաժողովում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում եւ ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումները: Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաեւ պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների եւ բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա:

Մայիսի 13-ին կազմակերպվեցին միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ կայացան հանդիպումներ կրթօջախների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների, ինչպես նաեւ սպայական ու սերժանտական կազմի հետ: Հանդիպումների ժամանակ հայկական կողմը ներկայացրեց խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում խորհրդատվական խումբը ներկայացրեց զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման փիլիսիփայության վերաբերյալ` մտասեւեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:

Խորհրդատվական խմբի այցն ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ:

Հանդիպման ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրեց այցի արդյունքների մասին, համաձայնեցվեցին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության 2015թ. եւ հետագա կոնկրետ ծրագրեր եւ ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի եւ շարունակական աջակցության համար: