Իրենց աշխատավարձային պարտքերի մարման եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 13։00-ից երկօրյա նստացույց սկսած նաիրիտցիները ժամը 21։00-ի դրությամբ շարունակում են նստած մնալ կառավարության առջեւ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին, որ ինչպես նախապես հայտարարել էին, ամբողջ գիշեր հերթափոխով կմնան այնտեղ, իսկ նստացուցյը կդադարեցնեն միայն շաբաթ առավոտյան։
«Չգիտենք՝ էս նստացույցն ինչ կտա, բայց անում ենք, որ գոնե իրանք ամաչեն։ Հերիք չի մեր աշխատավարձերը չեն տալիս, մի հատ էլ էլեկտրաէներգիան են թանկացնում, գործարանն էլ մաս-մաս են արել, իրար մեջ բաժանել են»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Գայանե Արշակյանը։
Նստացույցի ութ ժամվա ընթացքում կառավարության որեւէ ներկայացուցիչ չի մոտեցել գետնին նստած նաիրիտցներին, չի հետաքրքրվել նրանցով։
«Առավոտից էստեղ ենք, ոչ ոք չի բարեհաճել մեզ մոտենալ»,- դժգոհեցին նաիրիտցիները։
Նշենք, որ եղանակն այսօր բավական սառն է, իսկ նստացույցին մասնակցողների մեծ մասը տարեցներ են, այդ թվում՝ կանայք։
Ակցիան հսկող ոստիկանները, որոնք մինչեւ հիմա բավական փոքրաթիվ էին, քիչ առաջ համալրվեցին, այս պահին կառավարության առջեւ մոտ քսան ոստիկան կա։
.jpg)





























