Էլեկտրաէներգիայի՝ սուբյեկտիվ պատճառներով թանկացումը ընդունելի չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Յուրաքանչյուր թանկացում դրական չէ, բոլորիս համար՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն։ Եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշատը իշխանությունն է, որ շահագրգռված չէ, որ լինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ չի կարող ասել՝ այս դեպքում սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներն են գերակշռում:
Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։





























