Արագածոտնի մարզի Արտենի համայնքում այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 14:00-ի մոտ տեղացած կարկուտը վնասել է համայնքի 400-500 հա պտղատու այգիները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը՝ նշելով, որ գյուղացիները վարկերով են մշակել այգիներն ու այժմ հուսահատված են:

«Վնասվել է 150 հա ծիրանի այգի, 40 հա խնձորի, 20 հեկտար խաղողի, 15 հեկտար սալորի, նաեւ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ: Կարկուտը համարյա ձվի չափ էր եւ տարբեր տեղերում վնասել է 30-100 տոկոսով, բայց կասկածում եմ, որ այս տարի ծիրան կլինի»,-ասաց գյուղապետը:

Գյուղապետը նշեց, որ հակակարկտային կայանները աշխատել են, եւ դրանց մոտ տարածքներում վնասները քիչ են եղել, կամ ընդհանրապես չեն եղել:

«Արդեն համայնքային հանձնաժողով է ստեղծվել վնասները գնահատելու համար: Վաղը մարզպետարանից մասնագետներ կժամանեն, որպեսզի հասկանանք վնասների իրական չափը»,-ասաց Գեղամ Խլղաթյանը:

Նշենք, որ կարկուտը վնասներ է հասցրել Արագածոտնի մարզի Արագած համայնքում, Արմավիր մարզի  Լուսակն, Արգինա, Քարակերտ համայնքներում:

NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչներից մեկն ասաց, որ իրենց գյուղում մոտ 1 ժամ կարկուտ է տեղացել:

«Պոպոքի մեծության կարկուտ էր, մոտ մի ժամ տեղաց: Ծիրանենիներն ամբողջությամբ վնասվել են: Պտուղների մեծ մասը թափվել է, մի մասն էլ վնասվել է, կթափվի»,-ասաց համայնքի բնակիչը:

Գյուղացիները նշեցին, որ կարկուտից առաջ հակակարկտային կայաններն աշխատել են, սակայն, ապարդյուն: