Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին եւ ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:
Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին աշխատավարձով: Համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, արտադրանքի 70-80%-ն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 20-30%-ը՝ սպառվում է ներքին շուկայում: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2015թ. առաջին 4 ամիսների տվյալների հիման վրա «Էկոտոմատո» ՓԲԸ-ն կանխատեսում է տարեկան արտադրական ծավալները հասցնել 10-13 մլն հատ ծաղկի:
Նախագահն այցելել է նաեւ նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը: Այստեղ Հանրապետության նախագահին տեղեկացրել են, որ 2014թ. փետրվարին հիմնված «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից մինչ այժմ կատարվել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նորագույն տեխնոլոգիաներով կառուցվել է 10.5 հա ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, որտեղ ստանում են էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ մթերք: 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ ընկերությունն արտահանել է շուրջ 1,300 տ արտադրանք, որն իրացվել է հիմնականում ՌԴ-ում եւ Վրաստանում: Այժմ ընկերությունն ունի մոտ 280 աշխատակից՝ շուրջ 125,000 դրամ միջին աշխատավարձով:
Հանրապետության նախագահն այնուհետեւ այցելել է մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա նախաձեռնվել է ջերմոցային համալիրի հիմնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին եւ ընկերության առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ շահագործման հանձնված 4.36 հա ջերմատնային այս տնտեսությունը եւս կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով: Ջերմատան կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից՝ 135,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Պատասխանատուների հավաստմամբ, ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ գործարկել եւս 16 հա մակերեսով ջերմատան նոր բլոկներ, որի արդյունքում կստեղծվեն հավելյալ շուրջ 200 աշխատատեղեր: «Պրոգրես Ագրո»-ն ծրագրում է առաջիկա տարիներին ընդլայնել ջերմոցային տնեսությունը: Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի, զարգացման միտումների եւ դրան նպաստող պետական քաղաքականության իրականացման ընթացքի մասին:
















































