Կոտայքի մարզի Գողթ համայնքում «Էկոտոմատո» ՓԲԸ  ջերմոցային տնտեսությունում արդեն երեք տարի աճեցվում են հոլանդական վարդեր՝ ավելի որակով, քան Հոլանդիայում արտադրվող վարդերը,  ինչպես տնօրեն Արսեն Սանդոյանն է ասում: (ֆոտոռեպորտաժ)

 «Դրսի շուկայում մեր վարդերը մրցունակ են, քանի որ կոնկրետ այս կատեգորիայի վարդեր դեռ ոչ մի տեղ չի աճեցվում: Ռուսաստանում հիմնական ջերմոցներինը աճեցնում են ցածր որակի վարդեր, պրեմիում կարգի վարդեր աճեցնում են միայն Էկվադորում, սակայն դրանք բավական թանկ են, միջին սեգմենտի եւ միջինից բարձր սեգմենտի վարդեր աճեցնում ենք միայն մենք»,- այսօր՝ մայիսի 15-ին, ջերմատներ այցելած լրագրողներին ասաց տնօրենը:

8 հա  ընդհանուր մակերեսով ջերմատներում աճեցվող վարդերի 80 տոկոսը արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որոշ մասը՝ Բելառուս եւ Վրաստան:

Վարդերն աճում են յոթ շաբաթվա ընթացքում, դրանք կտրելուց եւ մշակելուց հետո փաթեթավորում եւ շուկա են հանում: Մասնագիտությամբ իրավաբան, տնտեսագետ Արսեն Սանդոյանը նշում է, որ Հայաստանում հոլանդական վարդեր աճեցնելու հմտությունը ձեռք են բերել երկարատեւ աշխատանքի արդյունքում։

«Կարեւորը չվախենալն է, իսկ ժամանակի ընթացքում փորձը ավելանում է: 3 ու կես տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք գտել ենք վարդերի մշակման ճիշտ ուղղությունը: Հիմա ունենք մեծ փորձ ու կարող ենք օգտակար լինել նման բիզնես անելու ցանկություն ունեցողներին»,- ասաց Արսեն Սանդոյանը:

Ջերմոցային տնտեսությունում աճեցվում են երկու տասնյակ տեսակի վարդեր, այն աշխատում է Հոլանդիայից բերված նորագույն տեխնոլոգիաներով: Ընկերությունը 120  աշխատող ունի՝ Գողթ, Գառնի, Գեղարդ գյուղերից: