ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ անձանց, մայիսի 14-15-ին լրացուցիչ հարցաքննվել է Մուշեղ Զաքարյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է մայիսի 2-ին տեղի ունեցած նշված միջադեպի ժամանակ։

Վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական բժշկական տեղեկանքի համաձայն՝ Մ.Զաքարյանի մոտ ախտորոշվել է քթի միջնապատի եւ քթոսկրի կոտրվածքներ։  Մ.Զաքարյանը ճանաչվել է տուժող եւ մանրամասն ցուցմունք տվել՝ իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների վերաբերյալ։

Նախաքննական մարմինը շարունակում է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից անձանց իրական շրջանակը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի։

Տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։

Նշենք, որ իրավապահ մարմինները չեն կարողացել բռնել գործով հետախուզվող անձանց, այդ թվում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդւոն՝ Տիգրան Խաչատրյանին, որոնք լքել են հանրապետությունը եւ, ըստ մամուլի, գտնվում են Ուկրաինայում։