Սարքավորումների ներկրումից ԱԱՀ-ի վճարումը հարկավոր է 3-ից երկարաձգել մինչեւ 5 տարի: Այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծում: Մայիսի 15-ին օրինագիծը քննարկվել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում:
Օրինագծին կից ներկայացված բացատրագրում նշվում է, որ ներդրումային ծրագրերի շրջանակում ներկրումից վճարումների հետաձգումը բիզնեսին կօգնի ներկա պայմաններում հաղթահարել ներդրումների ծախսածածկման ժամկետների ավելացումը:
Ապրիլի 22-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանության չէր արժանացրել օրինագիծը: Կառավարության բացատրական գրության համաձայն, ԱԱՀ-ն, որպես անուղղակի հարկ, չի կարող ազդել ծախսածածկման վրա, ի տարբերություն շահութահարկի: Իսկ ԱԱՀ-ի մասին օրենքի գործող խմբագրությունում արդեն բիզնեսի համար շահեկան միջոց է նախատեսված՝ հիմնական հիմնադրամների արագացված ամորտիզացիա:



























