Ես վարչապետին չեմ ասել լրատվամիջոցների դեմն առնել, ասել եմ՝ օրենք դրեք, որ լրագրողը իր սխալ հայտարարության համար պատժվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

«Գրում են՝ քաղապետը ծառերը անհարկի կտրել է, տարել մեկ-մեկ ցույց եմ տվել, կտրած ծառերի նկարները դրել, ո՞րն է անհարկի, չէ, բան չունենք ասելու, բա որ բան չունեք ասելու, ինչի՞եք ավելորդ հայտարարություններ անում, այն մարդը, որ ճանաչում է ինձ, գիտի, որ ես բարեխիղճ եմ աշխատում, նա ով չի ճանաչում, թերթերից է իմանում, որ քաղաքապետը դրել, 20 հատ ծառ է կտրել, տենց ո՞նց կլինի»,-ասաց քաղաքապետը:

Սամվել Դարբինյանի կարծիքով՝ պետք է լրագրողներին դատարանի միջոցով վարչական պատասխանատվության ենթարկել, յուրաքանչյուրը իր սխալ, վարկաբեկիչ հայտարարության համար պետք է պատասխան տա, այդ դեպքում լրագրողը կչափավորի իր ամբիցիաները: Իսկ ինչ է ասել վարչապետը քաղաքապետի խնդրանքին: «Վարչապետը ասել է, որ նման օրենք կա, ավելի կուժեղացնեն, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, ճիշտ մոտենա յուրաքանչյուր հարցին»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապետը գոհ է ձեր աշխատանքից, Սամվել Դարբինյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, պարզապես վարչապետի հետ խնդիրներ ունեն քաղաքային ցանցի հետ կապված, նայեցին, որոշեցին, որ եթե հնարավոր լինի բարեգործներ գտնել, ճոպանուղին աշխատեցնել:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ նախօրեին Լոռու մարզում վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հովիկ Աբրահամյանին լուրջ դեմքով թախանձել է լրագրողների դեմն առնել, որպեսզի ինքը կարողանա, իր խոսքով, «լցնել քաղաքի բյուջեն»:

Ըստ Դարբինյանի՝ վարչապետը պետք է արգելի լրատվամիջոցներին գրել քաղաքապետարանի մասին, ինչն իրեն հնարավորություն կտա հոսքեր ապահովելու քաղաքային բյուջե: