«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գագիկ Իսագուլյանը կարծում է՝ Տիգրան Ուրիխանյանին կհաջողվի համախմբել ոչ իշխանական ուժերին: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԲՀԿ-ն լքած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողներին ասաց Գագիկ Իսագուլյանը:
«Կարծում եմ՝ այս ուժին կհաջողվի համախմբել ոչ իշխանական ուժերին: Ամեն դեպքում՝ երկրում ունենք բավական ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, որը վաղը հրապարակ է բերելու բազմաթիվ քաղաքացիների: Կարծում եմ՝ պարոն Ուրիխանյանը բավական երիտասարդ եւ ակտիվ քաղաքական գործիչ է եւ արդեն իսկ ունի լուրջ փորձառություն, այդ խնդիրները կարող է լուծել»,- ասաց Գագիկ Իսագուլյանը:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Տիգրան Ուրիխանյանի մատնանշած ուղղությունն իր մեջ ներառում է բոլոր այն խնդիրները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր իր առջեւ դրել:
«Մի տարբերություն կա՝ հիմա չկա Գագիկ Ծառուկյանը, եւ եթե կարողանան լավ թիմ ստեղծել, ապա իշխանությունների առումով դժվար կլինի թիրախ ընտրել ու դրա միջոցով հետո կազմալուծել կուսակցությունը: Ցավոք, դա տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր կայացած՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (երկու դեմ եւ ութ ձեռնպահ) Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց կուսակցության նախագահ: Ուրիխանյանը ԲՀԿ-ն լքել էր կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո։



























