«Թանգարանային գիշեր» այս տարվա ծրագրի ընթացքում բոլոր թանգարանները կներկայացնեն ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

«Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի «Վկայություն» հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ծաղկած ծիրանի» ցուցադրությունը, նաեւ «Զանգակներ» խմբի համերգը»,-ասաց նա:

Նշենք, որ Եղիշե Չարենցի գրականության եւ արվեստի թանգարանում կներկայացվի «Հիշողության պատուհաններ» ցուցահանդեսը, Ստվերների թատրոն՝ մեծերի եւ փոքրերի համար, ինչպես նաեւ unFRAME խմբի համերգը:

«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կլինեն պարային եւ թատերական միջոցառումներ թանգարանի հարակից տարածքում, նաեւ գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդի տարածքում:

Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, նաեւ պարի ուսուցում Խաչատրյանի երաժշտությա ներքո:

Հովհանես Թումանյանի թանգարանում կցուցադրվի «Հայոց գետեր» ներկայացումը, նաեւ «Ամենայն որբերի հայրիկը» ինստալացիան, միջոցառումները կշարունակվեն նաեւ մայիսի 18-ին:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում այսօր տեղի կունենա «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնի երեխաների ելույթը, նաեւ «Դանթեական առասպել» պոեմի քառալեզու հրատարակության շնորհանդեսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Բազմաթիվ այլ միջոցառումներ տեղի կունենան ծրագրին մասնակցող մյուս թանգարաններում:

Նշենք, որ «Թանգարանային գիշեր» ծրագիրը մեկնարկելու է այսօր՝ մայիսի 16-ին՝ ժամը 18:00-ից, եւ տեւելու է մինչեւ 24:00-ն։ Այդ ընթացքում մուտքը ծրագրին մասնակցող թանգարաններ անվճար է։ Երեւանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ 01:00-ն՝ այցելուներին տեղափոխելու համար։

Ծրագիրն այս տարի կշարունակվի նաեւ մայիսի 18-ին: