Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մինչ վերջին թանկացումները 1 կգ բարձր տեսակի հացի միջին գինը Հայաստանում 374,2 դրամ էր (մոտ 1 դոլար): Լավաշն ավելի թանկ է՝ 572.3 դրամ։ Հավանաբար այս գնի մեջ էլ թաքնվում է հացի եւ ալյուրի շուկայի ողջ գաղտնիքը, եթե այն կարելի է «գաղտնիք» համարել։ Բանն այն է, որ ներկրվող ցորենի մաքսային արժեքը 2010 թ. առաջին կիսամյակում տոննայի համար կազմել է 250 դոլար, կամ 1 կգ-ի հաշվարկով՝ ընդամենը 96 դրամ։ Ահա այդ 96 դրամը ցորենից հաց դառնալու ճանապարհին մոտ 4 անգամ ավելանում է։
Միջազգային համադրումներով՝ դա չափազանց մեծ աճ է, որպես կանոն ցորենի եւ դրանից ստացվող հացի գնի «նորմալ» տարբերությունը 3-3,5 անգամն է։ Հետեւաբար՝ հացաթխման եւ ալյուրի արտադրության ոլորտներում առկա են գերշահույթներ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախկինում մի քանի վարույթներ է հարուցել հացի եւ ալյուրի շուկայում, սակայն դրանք ցանկալի արդյունք չեն տվել։ Հայաստանում 12 խոշոր հացաթխող գործարան կա, չհաշված բազմաթիվ մանր հացթուխները։ Սա հանձնաժողովին հիմք է տալիս եզրակացնելու, որ ոլորտում գերիշխող դիրք գրավողներ չեն կարող լինել, ինչը իրականությունից հեռու չէ։
Նկատենք, որ վերջին շաբաթների ընթացքում երեւանյան խանութները միաժամանակ չիրականացրեցին ալյուրի եւ հացի գնի թանկացումները, ինչը վկայում է այն մասին, որ մանրածախ ցանցում իսկապես էլ ինքնուրույն գնագոյացում կա։
Մի քիչ այլ է իրավիճակը ալյուրի շուկայում։ Հանրապետությունում կան մոտ 10 ալրաղացներ, սակայն նրանք զարմանալիորեն միատեսակ գնային քաղաքականություն են վարում։
Տեսականորեն՝ ալյուրի եւ հացի գները կարող են թելադրել «Մանանա Գրեյն»-ն եւ «Սալեքս գրուպ»-ը, որոնք էլ իրականացնում են ցորենի ներմուծումը եւ իրենց ալրաղացներում էլ այն վերածում են ալյուրի։ Մենաշնորհային դիրք զբաղեցրած այս ընկերությունների անդուլ ջանքերով էլ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ձեռնպահ են մնում ալյուրի խմբաքանակներ ներմուծելուց, որպեսզի շուկայի գերիշխող դիրք գրավողներին չվնասեն։ Բավական է ասել, որ ալյուրի ներմուծումն այս տարի, նախորդ տարվա համեմատ, նվազել է ավելի քան 10 անգամ։
2010թ. առաջին կիսամյակում ներմուծվել է 176 տոննա ալյուր՝ 2009 թ. 1786 տոննայի համեմատ։ Իրավիճակի աբսուրդն այն է, որ ներկրվող ալյուրի մաքսային արժեքը այս տարվա առաջին կիսամյակում բարձրացել է եւ կազմել 1 տոննայի համար 460 դոլար (համարժեք է 1կգ-ը 176 դրամին), այնինչ նախորդ տարի այն կազմում էր 1 տոննայի համար 417 դոլար (համարժեք էր 1 կգ-ը 152 դրամին):
Այդ ընթացքում, նկատենք, հացահատիկի միջազգային գները նվազում էին, որն արտահայտվում էր նաեւ ներկրվող ցորենի մաքսային արժեքի նվազման մեջ։ Չի կարող այնպես պատահել, որ նույն ժամանակահատվածում ցորենը էժանանա, իսկ ալյուրը՝ թանկանա։ Առավել հավանական է, որ մաքսային ծառայությունը խստացրել է ներկրվող ալյուրի նկատմամբ հարկային պահանջները, որից հետո տնտեսվարողներին ձեռնտու չի եղել ալյուր ներկրել։ Արդյունքում՝ ցորենի, ալյուրի եւ հացի շուկայի խոշոր խաղորդները կարողացել են թույլ չտալ հացի գնի անկում։ Դատելով շուկայի իրավիճակից՝ հացահատիկի խոշոր ներմուծողներն, ընդհակառակը, օգտվում են մաքսային բարեհաճությունից եւ կարողանում են գին թելադրել։




























