Օգոստոսի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշում է իր 49-ամյակը: Ինչպես հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը, իր տոնը Օբաման կանցկացնի հարազատ Չիկագոյում: Նա մտադիր է ընթրել Չիկագոյի իր ընկերների հետ, ապա գիշերել իր սեփական տանը, այլ ոչ Վաշինգթոնի պաշտոնական նստավայրում:

Ավելի վաղ հայտնի էր, որ նա կնոջ ու երեխաների հետ չի լինելու: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կրտսեր դստեր` 9-ամյա Սաշայի հետ ճամփորդում է Իսպանիայում:

Օբամայի ավագ դուստրը` Մալիան, ով մեկ ամիս առաջ դարձել է 12 տարեկան, գտնվում է ամառային ճամբարում: Գիբսը բրիֆինգի ժամանակ հաստատել է, որ Բարաք Օբաման իր հետ խոսել է հեռախոսով, սակայն  մանրամասներ չի հաղորդել:

Օբամայի կողմնակիցները կարծում են, որ նրա համար լավագույն նվերը կլինի Սենատի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը: Դեմոկրատները կոչ են արել իրենց կողմնակիցներին՝ զանգել ծանոթ 49 հոգու եւ կոչ անել նոյեմբերին կայանալիք ընտրություններում քվեարկել դեմոկրատների օգտին: