Հնդկաստանում շոգից զոհերի թիվը հասել է 1371-ի: Արդեն մի քանի շաբաթ երկրի հարավում օդի ջերմաստիճանը պահպանվում է 47 աստիճանի վրա: Մայիսի 27-ին հաղորդվել է, որ Հնդկաստանում շոգից մահացել է ավելի քան 1100 մարդ:

Տեղի հիվանդանոցների բժիշկները հետաձգել են իրենց արձակուրդները՝ հիվանդների թվի կտրուկ աճի պատճառով, որը պայմանավորված է շոգ եղանակներով:

Առավել բարդ իրավիճակ է Տելանգան եւ Անդհրա Պրադեշ նահանգներում: Անդհրա Պրադեշ նահանգում զոհերի թիվը հասել է 1020-ի: Աճում է նաեւ տոիժածների թիվը Արեւմտյան Բենգալիա եւ Օրիսա նահանգներում:

Նախորդ շաբաթ երկրի շատ նահանգներում, այդ թվում մայրաքաղաք Դելիում օդի ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանում մայիս-հունիսն ամենաշոգ ամիսներն են: