Ուկրաինայի քաղաքացիություն ստացած Վրաստանի նախկին  նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Քվաչանթարիձեն՝ վկայակոչելով օրենսդրական  մարմինները:

Օրենքի համաձայն՝ այլ պետության քաղաքացիություն ստացած անձը ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից: Վրաստանը թույլ է տալիս երկքաղաքացիությունը, սակայն երկրորդ քաղաքացիությունը ստանալու համար պետք է դիմել Վրաստանի նախագահին, փոխանցում է պատգամավորի խոսքը «Նովոստի Գրուզիա»-ն:

Պատգամավորի կարծիքով, եթե Վրաստանի ղեկավարությունը որոշի Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիություն տրամադրել, ապա դա անպատասխանատու որոշում կլինի:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ Սահակաշվիլին այս պահին նման դիմում չի ներկայացրել: