Արմավիրի մարզի ընդահուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում օգոստոսի 4-ին սկսվել է կաշառակերության մեջ մեղադրվող Լեռնիկ Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Կարապետ Զադայանի, Գարիկ Ղավալբաբունցի եւ Իրանի քաղաքացի Բագրատամասիհի Թեյմուրի Ներսիսյանի գործի դատաքննությունը: Վերջինս մեղադրվում է կաշառք տալու համար:
Լեռնիկ Խաչատրյանն իր աշխատասենյակում սպանված ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եղբայրն է եւ աշխատում էր որպես գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ: Արմեն Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետն էր, Կարապետ Զադայանը նրա տեղակալը:
Բագրատամասիհի Ներսիսյանը Իրանի քաղաքացի է, անհատ ձեռներեց-ավտոմեխանիկ: Ներսիսյանը մեղադրվում է այն բանում, որ նպատակ է ունեցել կալանքից ազատել Գորիսի բանտում պահվող իր դատապարտյալ որդուն՝ Հերոս Ներսիսյանին:
Դատարանում պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդել է, որպեսզի դատարանը խափանման միջոց կալանքի ենթարկված իր պաշտպանյալներ Արմեն Պետրոսյանին, Կարապետ Զադայանին եւ Գարիկ Ղավալբաբունցին ազատի կալանքից, ինչին մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը դեմ է արտահայտվել՝ պատճառաբանելով թե պաշտպանի միջնորդությունը անհիմն է եւ տեղին չէ: Դատավոր Վահե Խալաթյանը որոշեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը մերժել: Դատավորը նաեւ հետաձգել է դատը, այն կկայանա վաղը՝ օգոստոսի 5-ին:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























