Հայաստանը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ՝ ջրամատակարարման համակարգի համար 10 մլն եվրոյի չափով դրամաշնորհի շուրջ: Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:

Ըստ նրա, այդ միջոցները կուղղվեն մարզերի ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, որտեղ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի զգալի արդյունքներ տեսնել:

Նշենք, որ KfW-ն մասնակցում է Հայաստանում անցկացվող Կոմունալ ենթակառուցվածքների ծրագրին: Բանկի ընդհանուր մասնակցությունը պետք է կազմի 32.5 մլն եվրո: Ծրագրի մյուս դոնորներն են Եվրոպական ներդրումային բանկը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Ներդրումային գործիքը: Ծրագրի շրջանակում 2014 թվականի մայիսի 14-ին KfW-ի հետ 15 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել: