Արդեն երրորդ տարին անընդմեջ Երեւանի քաղաքապետարանի եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների համար կազմակերպվում է այցելություններ զորամասեր: Ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում իրենց զավակներին տեսակցելու նպատակով հունիսի 5-ին զինվորների ծնողների հերթական խումբը մեկնեց սահմանամերձ զորամասեր:
Զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախարարն ու քաղաքապետը զրուցեցին ծնողների հետ, հետաքրքրվեցին նրանց տրամադրվածությամբ եւ հուզող հարցերով: Կարեւորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը` ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն հայտնեցին Սեյրան Օհանյանին եւ Տարոն Մարգարյանին ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի եւ հատուկ ուշադրության համար: Պաշտպանության նախարարն ու քաղաքապետն էլ հավաստիացրին, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու եւ ավելի մեծ թափ է ստանալու:
Հատկանշական է, որ ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողներիի հնարավորություն է ընձեռվել մեկնելու սահմանամերձ զորամասեր եւ անձամբ ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին:
Լրագրողների հետ կայացած ճեպազրույյցի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացումը եւ իր գոհունակությունը հայտնելով Երեւանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատեց, որ սա եւս մեկ կարեւոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ բանակն, իսկապես, հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ նմանատիպ միջոցառումները բարձրացնում են զինվորների ոգին:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելեց, որ սկիզբ է դրվել եւս մեկ գեղեցիկ ավանդույթի, ըստ որի, պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներն են այցելում զորամասեր, այլեւ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում եւ գալիս տուն: Այս նախաձեռնությունը նույնպես լինելու է շարունակական: Քաղաքապետը նաեւ նշեց, որ զինվորներին տեսակցելուց բացի հերթական այցելության շրջանակում հաճելի անակնկալներ են սպասվում:
Հավելենք, որ այս տարվա առաջին այցի շրջանակում ՀՀ սահմանամերձ զորամասեր կուղեւորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ամբողջ ճանապարհին ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում կլինեն նաեւ բժիշկներ:




























