Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների թվում կան ծնունդով արցախցիներ, որոնք ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը`անդրադառնալով Բաքվում այս առնչությամբ բարձրացած հիստերիային։
«Խոսքը, ամենայն հավանականությամբ, կոնտեքստից կտրված տեղեկության մասին է։ Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, վերոհիշյալ մարզիկները ծնունդով Արցախից են և հանդիսանալով ՀՀ քաղաքացի` միջազգային մրցաշարերում հանդես են գալիս ու ներկայացնում են մեր երկիրը։ Հենց այդ նույն առաքելությամբ էլ նրանք մեկնելու են Բաքու»,– ասաց Աստղիկ Մարտիրոսյանը։
Եվրոպական խաղերը կշարունակվեն մինչեւ հունիսի 28-ը: Հայաստանը Բաքվում ներկայացնում են 25 մարզիկներ։





























