ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նախազգուշացրել է Delfi էստոնական  կայքի գործով ՄԻԵԴ կայացրած որոշման բացասական հետեւանքների մասին։

«ՄԻԵԴ այս որոշումը չպիտի ԵԱՀԿ անդամների կողմից դիտարկվի որպես պատասխանատվության անորոշ նորմեր ընդունելու թույլտվություն, որոնք կարող են սահմանափակել համացանցում խոսքի ազատության իրավունքը»,- ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ։

Միյատովիչի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ինտերնետը պետք է պաշտպանված մնա չափից դուրս շատ կարգավորվելուց եւ անտեղի միջամտությունից, քանի որ դա խեղդող ազդեցություն կունենա խոսքի ազատության վրա։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հունիսի 16-ին ինտերնետ ռեսուրսին պատասխանատու էր ճանաչել օգտատերերի մեկնաբանությունների համար։

Խոսքը Delfi AS էստոնական ընկերության մասին է, որի նույնանուն լրատվական կայքը 2006թ. նյութ էր հրապարակել այն մասին, որ տրանսպորտային ընկերություններից մեկի մեղքով երկրի մայրցամաքային հատվածի ու կղզիների միջեւ հաղորդակցությունը կտրվել էր։

Ընթերցողները վիրավորական բնույթի կարծիքներ էին գրել ընկերության հասցեին։

Ընկերությունը պահանջել էր հեռացնել մեկնաբանությունները եւ դատական հայց էր ներկայացրել իր հեղինակությունը պաշտպանելու նպատակով։