Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, որն ուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով կարգավորման: Այս մասին այսօի՝ հունիսի 18-ին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ստորեւ ներկայացնում ենէ նրա ելույթն ամբողջությամբ»

«ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հարգելի փոխնախագահ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարը: Ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին եւ բարի գալուստ մաղթում արտերկրից ժամանած մեր հյուրերին:

Վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ծավալվող նորօրյա մարտահրավերները, անվտանգության միջավայրի սպառնալիքները, որոնք եկել են գումարվելու դեռեւս լուծման կարոտ հիմնահարցերին, առավել արդիական են դարձնում նման քննարկումները: Հուսով եմ, որ երեւանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին եւ արդյունավետ ներդրում կկատարի դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում:

Միջազգային հարաբերություններում աննախադեպ փոխկապակցվածության եւ փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ եւ համերաշխ ջանքեր է պահանջում: Հայաստանը եւս փորձում է իր նպաստը բերել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում եւ այդ առանցքում կարեւոր դեր է հատկացնում ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին:

Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը դեռեւս 1990-ականների սկզբից ընթանում է Գործընկերություն հանուն խաղաղության եւ Եվրատլանտյան գործակցության խորհրդի, ինչպես նաեւ՝ համաձայնեցված երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում: 2006թ.-ից ի վեր մեր համագործակցության հենքն է հանդիսանում Անհատական գործընկերության գործողության ծրագիրը, որի հերթական փուլը գտնվում է իրականացման ընթացքում:

Մեր օրակարգային առանցքային թեմաներից է քաղաքական երկխոսությունը անվտանգության խնդիրների շուրջ: Այն պարբերաբար ընթանում է տարբեր մակարդակներով, ներառյալ՝ ամենաբարձր: Այդպիսի առիթ ներկայացավ 2014թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ի՝ Ուելսի գագաթաժողովին` Աֆղանստանի՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերին ներդրում կատարող երկրների ձեւաչափով:

Հայաստանի արտգործնախարարը 2014թ. դեկտեմբերին Բրյուսելում մասնակցեց “Հաստատակամ աջակցություն” առաքելության մեկնարկի նախարարական հանդիպմանը եւ վերահաստատեց առաքելությանը հայկական կողմի մասնակցության որոշումը: Ինչպես գիտեք, դեռ 2010թ. փետրվարից Հայաստանը ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում, մեկ տարի անց` 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը: Այս տարվա հունվարից հայկական զորախումբը շարունակում է իր ծառայությունն արդեն նոր` «Հաստատակամ աջակցություն» առաքելության շրջանակներում: Անցած տարիների ընթացքում հայ խաղաղապահները փոխգործակցության անգնահատելի փորձ ձեռք բերեցին Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակում:

Հայաստանը շարունակում է նաեւ իր մասնակցությունը Կոսովոյում խաղաղության հաստատման առաքելությանը:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առարկայական համագործակցություն է ծավալվում նաեւ պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների, հանրային դիվանագիտության եւ այլ ոլորտներում:

Մենք առանձնակի կարեւորում ենք նաեւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորհրդարանական ձեւաչափը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը, որի վկայություններից է եւ այս սեմինարի անցկացումը:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ: Հայաստանի հարեւանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ մեր անմիջական ներգրավումը չեն ենթադրում, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա: Այդպիսին է մասնավորապես ճգնաժամային իրավիճակը Սիրիայում եւ Իրաքում, Մերձավոր Արեւելքում՝ Իսլամական պետություն, Ալ-Նուսրա եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արդյունքում:

Այդ իսկ հասկանալի պատճառով Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին եւ հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության եւ խաղաղ միջոցներով լուծման օգտին: Մենք մեր հերթին պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել այն, ինչն անհրաժեշտ է` կանխելու անցանկալի զարգացումները:

Հայաստանը հանդիսանում է «համագործակցային անվտանգության սկզբունքի» կողմնակից եւ գործնականում կիրառում այն: Լինելով Հավաքական անվտանգության կազմակերպության ակտիվ անդամ՝ մենք, միաժամանակ, վստահելի գործընկեր ենք ՆԱՏՕ-ի համար: Հանդես ենք գալիս նաեւ տարբեր պաշտպանական, անվտանգության կառույցների միջեւ հնարավորինս համակողմանի համագործակցության զարգացման օգտին, քանզի համոզված ենք, որ անվտանգության առավել բարձր եւ կանխատեսելի մակարդակ կարելի է ապահովել միայն երկխոսության, փոխգործակցության, սպառազինությունների վերահսկման, վստահության ամրապնդման, առանց բաժանարար գծերի, միասնական եւ անխախտ անվտանգության միջավայրի ձեւավորման միջոցով:
Դա վերաբերում է եւ մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, որը կարիք ունի ընդհանուր անվտանգության միջավայրի գիտակցության արմատավորման: Այդ գիտակցության պարագայում անիմաստ կդառնան հակամարտությունների կարգավորման գործընթացներում միակողմանի, անզիջում դիրքորոշումները, փակ սահմանները եւ այլ երեւույթներ, որոնք հարիր չեն մեր դարաշրջանին:

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին եւ Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջեւ, այլեւ՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի Նախագահների եւ Գերմանիայի Կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաեւ՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը: Լիահույս ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:

Տիկնայք եւ պարոնայք,

Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, եւ հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձեւ կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձեւաչափերի շրջանակներում եւ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ կարեւոր է ոչ միայն ձեւական, այլ նաեւ գործնական աջակցություն ցուցաբերել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, որն ուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով կարգավորմանը: Սակայն անընդունելի են նշված մոտեցմանը հակառակ` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում առկա ձեւակերպումները, որոնք արդյունք են հանդիսանում, ինչպես Ուելսի գագաթաժողովում նշեց Նախագահ Սարգսյանը՝ «սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի լոբբինգի»: Կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ դա լուրջ խոչընդոտ է հանդիսանում հիմնախնդրի կարգավորման համար:

Տիկնայք եւ պարոնայք,

Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլեւ՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետեւանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի եւ Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին եւ մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարեւոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին:

Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաեւ մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ եւ հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր խաղաղության եւ հաշտեցման ջատագովներ են, շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետեւում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը բաձրաձայն պետք է դատապարտի նման կեցվածքը, որը միայն փակուղի է տանում եւ առաջին հերթին՝ ադրբեջանական հասարակությանը:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել եւ մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին շարունակելու ջանքերն` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

Ինչպես հայտնի է, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որեւէ աշխարհաքաղաքական հաշվարկների եւ նեղ շահերի։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ եւս մեր երախտիքի խոսքն ուղղել բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրենց որոշումներով, բանաձեւերով եւ հայտարարություններով ճանաչեցին կամ վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը` իրենց նպաստը բերելով մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը, կոչ արեցին Թուրքիային անել նույնը եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Տիկնայք եւ պարոնայք,

Ռոզ-Ռոթ սեմինարը եւ նման այլ բնույթի միջազգային միջոցառումները պետք է ծառայեցվեն կառուցողական երկխոսության նպատակներին: Այդ երկխոսությունն անհրաժեշտ նախապայման է՝ ճգնաժամերը կանխելու եւ առավել եւս դրանք կարգավորելու համար: Այն անհրաժեշտ նախապայման է արդեն իսկ գոյություն ունեցող եւ մեր առջեւ ծառացող նոր մարտահրավերներին համարժեք եւ արդյունավետ դիմակայելու համար:

Թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել սեմինարի մասնակիցներին եւ ցանկանալ արդյունավետ քննարկումներ առաջիկա երեք օրերի ընթացքում: