Հունիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի անցկացման նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, դեսպան Ժակ Բիլոդոյի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Հայաստանի արտաքին քաղաքականության համար տարին բավականին հագեցած է եւ դրան գալիս է լրացնելու շուրջ ութ տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Հայաստանը կանի առավելագույնը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բիլոդոն փոխանցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ողջույնները։

Ժակ Բիլոդոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց իր գլխավորած պատվիրակության այցի ընթացքում ունեցած հանդիպումների եւ քննարկումների մասին՝ վստահություն հայտնելով, որ հայկական կողմը ըստ պատշաճի կընդունի նախարարական համաժողովը։

Հանդիպմանը քննարկվեցին Երեւանում հոկտեմբերին կայանալիք համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։