BBC-ն հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հարցազրույցի վերծանումը։ Ուկրաինայի հակամարտությունից ի վեր սա Յանուկովիչի առաջին հարցազրույցն է արտասահմանյան լրատվամիջոցներին։

Յանուկովիչը հայտարարել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին աղետ էր, որը չէր լինի, եթե նա շարունակեր նախագահ մնալ։ «Այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ, շատ վատ է»,- ասել է Յանուկովիչը՝ նշելով, որ պետք է ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հեռանկարը, ըստ Յանուկովիչի, այդքան էլ իրատեսական չէ։ «Մարդիկ, եւ ամենակարեւորը Ղրիմի բնակչությունը քվեարկել է Ուկրաինայի կազմից դուրս գալու օգտին։ Դա Մայդանի հետեւանքն էր։ Դա հետեւանք էր ազգայնական արմատական շարժման, որը վախեցրեց Ղրիմի բնակչությանը, որը ավանդաբար ռուսամետ էր»,- ասել է Յանուկովիչը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Դոնբասում կատարվածը Յանուկովիչը որակել է որպես ցեղասպանություն։ Նախկին նախագահը խոստովանել է, որ 2014թ. փետրվարին Մայդանի ցույցերը ցրելու ժամանակ սպանություններում ինքը ունի մեղքի իր բաժինը։ Սակայն նա կարծում է, որ գործադրել է բոլոր  հնարավոր ջանքերը արյունահեղությունը կանխելու համար։

Ըստ Յանուկովիչի՝ Մայդանի արյունահեղությունների մեջ մեղավոր են արմատական զանգվածները։ «Այսօր, երբ Մայդանի դեպքերից 1.5 տարի է անցել, ուկրաինացի ժողովուրդը հասկանում է, որ այդ գնդակահարություններում շահագրգռված էր ոչ թե իշխանությունը, այլ նրանք՝ արմատականները, ես կասեի հանցագործները, որոնք որոշեցին նման միջոցով գրավել իշխանությունը»,- ասել է Յանուկովիչը։

Նա նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փրկել է իր կյանքը, երբ 2014թ. փետրվարի 23-ի գիշերը օգնել է իրեն տեղափոխվել Ռուսաստան։