Սահմանադրական հանձնաժողովի նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի հետ կհանդիպի հուլիսի 1-2-ին: NEWS.am-ի տեդեկություններով՝ սպասվում է «ծանր» հանդիպում, որի ժամանակ տեղի ունեցած քննարկումներից էլ պարզ կլինի, թե Հայաստանը ինչ սահմանադրական փոփոխություններ է անելու: Մասնավորապես՝ հստակություն կմտցվի համամասնական ընտրակարգին անցնելու, կառավարման խորհրդարանական մոդելը կիրառելու, դատական իշխանության հարցերին: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պակաս թեժ քննարկումներ չեն եղել դատական իշխանության մասով, քանի որ քաղաքական ուժերի մի մասը ձգտում է անգամ դատարանների հաշվետվությանը խորհրդարանում, իսկ համակարգի աշխատակիցներին այլ շահեր են ուղղորդում՝ կախված նրանից, թե որ համակարգն են ներկայացնում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն արդեն ավարտել են քաղաքական ուժերի հետ հանդիպումների առաջին փուլը, որի արդյունքները ամփոփել են Սերժ Սարգսյանի մոտ: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նախագահը նշել է, որ քաղաքական ուժերը կարող են առաջարկություններ ներկայացնել եւ մասնակցել դրանց քննարկմանը արդեն նախագծի մասով:





























